ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Վալանսի հայ մշակույթի տան ատենապետ Նազո Ջինբաշյանին

Օգոստոսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Վալանսի (Ֆրանսիա) Հայ մշակույթի տան ատենապետ Նազո Ջինբաշյանին:

 Հյուրը նախարարին պատմեց վալանսահայ համայնքի, ինչպես նաև Հայ մշակույթի տան գործունեության մասին՝ նշելով, որ վալանսահայությունը գործուն մասնակցություն ունի քաղաքի հասարակական-մշակութային կյանքում: Քաղաքապետարանում պաշտոնավարում է 4 հայ: Կրթամշակութային ասպարեզում կարևոր դերակատարում ունի Հայ մշակույթի տունը՝ իր երգի, պարի, գործիքային խմբերով, որոնցում ընդգրկված է ավելի քան 200 հոգի: Մշակույթի տան խմբերը աչքի են ընկնում Վալանսի մշակութային բոլոր միջոցառումների ժամանակ:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորելով մշակութային դաստիարակության դերը հայապահպանության հարցում՝ բարձր գնահատեց Վալանսի Հայ մշակույթի տան գործունեությունը և առաջարկեց հաջորդ տարվա ընթացքում որպես խրախուսանք ապահովել խմբերի մասնակցությունը «Իմ Հայաստան» փառատոնին և նախարարության մյուս ծրագրերին:

 Անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Վալանսի համայնքի միջոցառումներին: Նազո Ջինբաշյանը տեղեկացրեց, որ դեռևս շարունակվում են միջոցառումները և ամենահետաքրքիրներից մեկը կիրականացվի նոյեմբեր ամսին: Նախատեսված է քաղաքային պուրակներից մեկում ի հիշատակ ցեղասպանության զոհերի՝ տնկել 100 ձիթենի: Պուրակը կանվանակոչվի Թալին, քանի որ Վալանսն ու Թալինը քույր քաղաքներ են:

 Քննարկվեցին նաև Վալանսում հաստատված սիրիահայությանն առնչվող հարցեր: Նախարարը հորդորեց սիրիահայությանն ակտիվորեն ընդգրկել համայնքային գործունեության մեջ և ամեն կերպ հոգեկան նեցուկ կանգնել նրանց:

Scroll Up