Հայաստանից դուրս ապագա չկա

Հայաստանը միշտ էլ գրկաբաց է ընդունել հայրենադարձներին: Նրանք գալիս են աշխարհի տարբեր ծայրերից՝ հայրենիքում հաստատվելու, երկիրը ծաղկեցնելու եւ ընտանիք կազմելու: Հայրենադարձներից մի քանիսին հանդիպելու եւ նրանց հետ զրուցելու հնարավորություն ունեցան նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի մասնակիցները:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, համահիմնադիր Վարդան Մարշլյանը, ով աջակցում է հայրենադարձներին, օգնում նրանց հաստատվել հայրենիքում, կապեր հաստատել եւ գործունեություն ծավալել, նշեց, որ տարեկան 1000-1500 սփյուռքահայ վերադառնում է Հայաստան հենց հաստատվելու նպատակով: Այս թվի մեջ չեն մտնում սիրիահայերը, որոնց հայրենադարձը հստակ պատճառ ունի` պատերազմ: «Չնայած մեր երկրի տնտեսությունը հիանալի վիճակում չէ, բայց կան ոլորտներ, որ կայուն զարգանում են, ինչպիսիք են զբոսաշրջությունը եւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտը: Սրանք էլ հիմնականում գրավում են հայրենադարձներին»,- նշեց Վրադան Մարաշլյանը: Նա նաեւ նկատեց, որ շատ հայ գործատուներ ցանկանում են աշխատանքի ընդունել հենց հայրենադարձներին, որոնք երկար տարիներ ապրել են արտերկրում, օտար փորձ ունեն, դրսի շուկայի պահանջներն ու կանոնները գիտեն: «Մեր հիմնադրամը նախ նպատակ ունի ճիշտ ներկայացնել հայրենադարձության խնդիրները, աջակցել վերադարձողների ինտեգրմանը եւ վերջապես հասնել նրան, որ հայրենադարձությունը դառնա օրակարգային հարց»,-ասաց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրենը` հավելելով, որ հայրենադարձների աշխարհագրությունը մեծ է` Սիրիա, ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Լիբանան, Իրան եւ այլն:

Հանդիպման մասնակից, հայրենադարձ Արտյոմ Թադեւոսյանը Ռուսաստանից է: Այստեղ հաստատվել է գյուղատնտեսության ոլորտում, զբաղվում է չրագործությամբ` ներդնելով նոր տեխնոլոգիաներ այս ասպարեզում: Դիանա Հովհաննիսյանը նույնպես ՌԴ-ից է, սակայն Հայաստան է եկել ոչ միայն գործնական նպատակներով: Նա Մոսկվայում չէր պատկերացնում իր երեխաների ապագան, իսկ գալով այստեղ` ընտանիք է կազմել եւ արդեն 2 բալիկ ունի: Կանադայից եկած Թամարան հայրենիքում իրեն ապահով ու անվտանգ է զգում, եւ այդ զգացումը երբեք չի փոխի դրսում ունեցած հաջողությունների ու ձեռքբերումների հետ: Արամազդը, որ վերադարձել է ԱՄՆ-ից, նշում է, որ հայրենասեր լինելուց բացի նա նաեւ մարդասեր է եւ փորձում է ապրել հանուն մարդկության շահի, իր գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել հայ մարդուն: «Այդքան տարի պայքարել ենք պետության համար, բայց մեր ներուժն ու խելքը ուրիշին ենք վաճառում: Դա սխալ է»,- նկատեց Կանադայից վերադարձած Րաֆֆին: Հանդիպմանը մասնակից բոլոր հայրենադարձները հաստատեցին` արտերկիրը շատերին հեքիաթ է թվում, բայց այնտեղ ամեն ինչ չէ հեքիաթային:

Հայրենադարձ երիտասարդները տարբներ բնագավառներում են աշխատում, տարբեր նպատակներ ու երազանքներ ունեն հայրենիքի հետ կապված: Արամազդի ցանկությունն է երկրում էկոտուրիզմի եւ ագրոտուրիզմի զարգացումը, որից եւ կօգտվի երկիրը, եւ կշահի բնությունը, քանի որ շահագրգռված կլինեն նրա պահպանության համար:

Հանդիպման ընթացքում մասնակիցները ուղղեցին նաեւ իրենց հարցերը: Նրանց հատկապես հետաքրքրում էր, թե ինչ դժվարությունների են հանդիպել վերադառնալիս, ինչպես են արել առաջին քայլերը, արդյոք չեն զղջում:

Հայրենադարձ երիտասարդների պատասխանը մեկն էր. «Ամենուր էլ դժվարություններ լինում են, կամքի ուժ եւ ցանկություն է պետք, իսկ զղջում լինել չի կարող, քանի որ Հայաստանից դուրս ապագա չկա»:

Ամալյա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի 4-րդ կուրսի ուսանողուհի

հայրենադարձհայրենադարձ1 հայրենադարձ2 հայրենադարձ3

Scroll Up