Մարի Ղուկասյան. «Ֆրանսիացին նույնպես հայկական պարեր է սիրում»

«Հայերն այսօրի» զրուցակիցը Ֆրանսիայի Ռուան քաղաքում գործող «FAR» ասոցիացիայի նախագահ Մարի Ղուկասյանն է: Տիկին Մարին Հայաստան է եկել՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներին:

-Տիկի՛ն Մարի, ներկայացրե՛ք «FAR»  ասոցիացիայի հիմնադրման նախապատմությունը:

«FAR» ասոցիացիան հիմնադրել եմ 2008 թվականին՝ եղբորս ու քրոջս հետ միասին: Ամեն ինչ մեր ուժերով ենք ստեղծել:

Ապրելով Ռուանում՝ հասկացանք, որ քաղաքում հայկական մշակույթը ճանաչված չի, որ հայ երիտասարդներն այդքան էլ հետաքրքրված չեն հայկական պարերով: Ասոցիացիա ստեղծելու շարժառիթներից մեկն էլ այդ հանգամանքն էր: Ցանկացանք պահպանել և տարածել հայկական մշակույթի բաղադրիչ մաս կազմող պարերը:

Սկզբում դասավանդվում էր միայն հայկական ազգային պարեր: Սակայն հետագայում սկսեցինք նաև ռուսական պարերը ևս սովորեցնել ասոցիացիայի անդամներին:

-Կարծում եմ՝ հեշտ չէ օտար միջավայրում նման գործունեություն ծավալել: Ի՞նչ դժվարություններ է հիմնադրումից ի վեր հաղթահարել «FAR» ասոցացիան հեռավոր Ռուանում:

-Ճիշտ եք: Բազում խնդիրների առջև ենք կանգնում: Գլխավոր մարտահրավերն այն է, որ Ռուանում հայերի թիվը քիչ է, երիտասարդներին հավաքելը մեզանից մեծ ջանքեր է պահանջում: Ծանոթներին ենք փորձում հրավիրել դասընթացների, հայտարարություններ ենք տարածում. ամեն կերպ փորձում ենք հնարավորինս շատ մարդկանց ներգրավել ասոցիացիայում: Այնուամենայնիվ, չենք հուսահատվում և շարունակում ենք շատ ակտիվ աշխատել:

Դասընթացներն անցկացվում են շաբաթական մեկ անգամ: Այժմ 10 հոգի է հաճախում դասընթացներին:

Այս տարիների ընթացքում հասել ենք նրան, որ ազգությամբ ֆրանսիացին նույնպես ցանկություն է հայտնել հայկական պարեր սովորել: Նա քառասուն տարեկան է: Այնքա՜ն է սիրում հայկական պարերը, որ Հայաստան այցելելու խնդրանքով դիմեց ինձ: Ես նույնպես ոգևորվեցի նրա առաջարկից, և միասին Հայաստան եկանք: Նա այնքան սիրեց մեր երկիրը, որ կրկին ուզում է Հայաստան գալ:

Տեղեկացնեմ նաև, որ ջանում ենք մեր արվեստը հիմնականում ներկայացնել օտարներին, ինչը, համաձայնեք, կարևոր քայլ է:

Մեր փոքրիկ խմբով ոգեկոչեցինք նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. եկեղեցու բակում ներկաների համար համերգային ծրագրով հանդես եկանք: Հանդիսատեսի շարքերում նաև ֆրանսիացիներ կային, ովքեր իրազեկվեցին Հայոց ցեղասպանության մասին: Իսկ վերջում մոմովառություն կազմակերպեցինք:

-ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոցին» ի՞նչ ակնկալիքով եք մասնակցում:

-Նախ ասեմ, որ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման օրվանից հետևել եմ նախարարության գործունեությանը, իրականացվող ծրագրերին:

Մեր համայնքը միշտ կապի մեջ է նախարարության հետ և տարբեր ծրագրերում մասնակություն է ունենում:

Հայաստանում եմ տղայիս՝ Ալլան Ղուկասյանի հետ, նա էլ մասնակցում է «Արի տուն» ծրագրին. Ալլանը առաջին անգամ է լինում Հայաստանում:

Իսկ «Սփյուռք ամառային դպրոցի» Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներին  այն հույսով եմ մասնակցում, որ կհմտանամ և մասնագիտական նոր փորձառություն  ձեռք կբերեմ:

Մասնակցությունս այս ծրագրին նաև խթան կհանդիսանա, որ նոր ուժերով և նոր տպավորություններով շարունակեմ աշխատանքս Ռուանում:

 Զրուցեց Գևորգ Չիչյանը          

Scroll Up