ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին

Հուլիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:

Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը Բրեդլի Բուզետտոյին ներկայացրեց Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը: Մասնավորապես նախարարն անդրադարձավ ՀՀ իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, կրթության, առողջապահության, գործարարության ոլորտներում, ինչպես նաև աշխատանքով և կացարաններով ապահովելու  ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Իր խոսքում նախարարը նշեց. «Հայաստանում բնակվող սիրիահայերի 80%-ը ապրում է վարձով, նրանք այժմ մշտական կացարանի խնդիր ունեն, այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակում հողատարածք է հատկացվել «Նոր Հալեպ» անունով բնակելի թաղամաս կառուցելու համար: Սակայն ՀՀ կառավարությունը և սիրիահայ ընտանիքները այս ծավալուն ծրագրի իրագործման համար ունեն ֆինանսավորման խնդիրներ, խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին օժանդակելու հարցում: Ինչպես նաև ակնկալում ենք Ձեր օժանդակությունը սիրիահայերի համար մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու և ժամանակավոր կացարաններով ապահովելու խնդիրներում:  Մենք պետք է միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրենք նրանց խնդիրներին, որպեսզի նրանք բնակություն հաստատեն Հայաստանում»:

Բրեդլի Բուզետտոն իր պատասխան խոսքում նշեց. «Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և կատարված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար: Դոնոր պետությունները օգնում են սիրիացի փախստականերին հատկապես Սիրիայի սահմանակից երկրներում՝ Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրանում: Պետք է հստակ առաջարկությունով հանդես գալ, որպեսզի նրանց ուշադրության կենտրոնում լինեն  նաև Հայաստան եկած սիրիահայերը»:

Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց նաև մի շարք այլ հարցերի արձագանքելու և օգնելու վերաբերյալ:

Հրանուշ Հակոբյանը դեսպանին ներկայացրեց նաև Հունիսի 18-19-ը Ժնևում կայացած Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից հրավիրված «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության (ՄՄԵ)» շրջանակներում  Սփյուռքի նախարարների համաժողովի մանրամասները:

Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

Scroll Up