«Եթե մենք ուզում ենք հայ մնալ, մեզ ոչինչ չի խանգարի». սփյուռքահայ պատանիներ

Մանե Հարությունյանը` «Սփյուռք» ամառային դպրոց-2015» ծրագիրի մասնակիցներից մեկը, արմատներով չնաշխարհիկ Սյունյաց օրրանից է` բակունցյան Գորիս քաղաքից: 13 տարեկանում է հեռացել հայրենիքից եւ բնակություն հաստատել Մոսկվայում: Հիմա էլ, երբ ասում է Հայաստան, առաջինը իրենց տունն ու այգին է հիշում: Այս մասին պատմելիս Մանեն խոնարհում է աչքերը, եւ թվում է` արդեն մտքով իր հայրենի տանն է: «Անպայման հետ եմ գալու, ցանկանում եմ այստեղ կրթությունս շարունակել Ճարտարագիտական համալսարանում: Գուցե այստեղ էլ մնամ, հետ չգնամ,ապագան դեռ ցույց կտա, բայց իմ հայրենիքում ամեն ինչ ինձ հարազատ է»,- նշում է Մանեն ու հավելում, որ անգամ ամեն թուփն ու քարը այստեղ սիրելի են իրեն: Ճիշտ է` հիմա հայրենիքից հեռու է, սակայն Մոսկվայում Երիտասարդ հայերի միությունն են ստեղծել, որը բեղուն գործունեություն է ծավալում: Մանեն հպարտությամբ է հիշում, թե անցած տարի ինչ մեծ շուքով են նշել Կոմիտասի 145-ամյակը եւ այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: «Ես այս միության մասին ավելի ուշ իմացա` 10-րդ դասարանում, սկսեցի հաճախել, եւ առօրյաս միանգամից փոխվեց, հայտնվեցի հայկական միջավայրում, որին կարոտ էի»,- ասում է Մանեն: Նա եւ իր ընկերները նույնիսկ մարզական թիմ ունեն եւ տարբեր սպորտային միջոցառումներ են կազմակերպում: Մանեն չի մոռանում նշել, որ եթե իրենք ուզում են հայ մնալ, իրենց ոչ ոք չի խանգարի: Նա առաջին անգամ չի մասնակցում այս ծրագրին: «Սա ոչ միայն լավ առիթ է հայրենիք գալու, այլեւ մեր մշակույթին, պատմությանն ու հայրենիքի ներկային ծանոթանալու համար: Ես շատ սփյուռքահայ պատանիներ գիտեմ, որ մասնակցելով այս ծրագրին` ստիպել են իրենց ծնողներին հետ գալ, հաստատվել այստեղ կամ իրենք են եկել այստեղ սովորելու»,- պատմում է Մանեն:

Մանեի ընկերուհին` Լուսինե Թումանյանը, եւս այս ծրագրի մասնակիցներից է: Նա Սանկտ-Պետերբուրգից է: Ի տարբերություն Մանեի` ծնվել է հայրենիքից հեռու, սակայն դարձյալ նպատակ ունի վերադառնալու եւ ուսումը այստեղ շարունակելու: Անցած տարիներին սերտել է արեւելահայերենի դասընթացները, որին արդեն հիանալի տիրապետում է, իսկ հիմա ուսումնասիրում է արեւմտահայերեն: «Նախ ուզում եմ արեւմտահայերենի տիրապետել, հետո էլ, որ հասկանամ եկեղեցական երգերը, ծեսերը, կրոնական գրքեր կարդամ»,- նշում է Լուսինեն եւ հավելում, որ իր համար հայրենիքի խորհրդանիշը Արարատն է` մեր իղձերի եւ նպատակների մարմնացումը: Լուսինեն Պետերբուրգում գործող «Նոր սերունդ» հայկական միության անդամ է: Ակտիվ են գործում եւ միաբանության մեջ տեսնում իրենց ինքնության պահպանությունը:

Մանեի եւ Լուսինեի նման ավելի քան 126 սփյուռքահայեր են մասնակցում այս ծրագրին Ռուսաստանից, Ուկրաինաից, Վրաստանից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Ռումինիայից, Իտալիայից, Իսպանիայից, Չեխիայից:

Ամալյա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

 

Scroll Up