«Սփյուռք ամառային դպրոց» և «Արի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալեցին ՀՀ վարչապետին

Հուլիսի 19-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի երրորդ փուլի հանդիսավոր փակման արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հայոց լեզվի արագացված դասընթացների և ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցները, ինչպես նաև դասավանդող ուսուցիչներ:

 Սփյուռքից ժամանած երիտասարդներին և ամառային դպրոցի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Մեր նպատակն է, որ դուք ողջ կյանքում կապված լինեք Հայրենիքի հետ: Լիահույս ենք, որ ձեզանից շատերը կվերադառնան և կհաստատվեն Հայրենիքում: Այս ճանապարհին դուք արել եք առաջին քայլը՝ գալով և սովորելով մայրենի լեզուն, ինչը ՀՀ կառավարությունն առաջնային խնդիր է համարում: Պատահական չէ, որ Հանրապետության Նախագահի առաջին քաղաքական նախաձեռնությունը ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումն էր, որը զբաղվելու է Սփյուռքի հայապահպանության խնդիրներով»: Հանրապետության վարչապետը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին՝ սփյուռքահայերին մայրենիի դասավանդման գործում առավելագույն ջանքեր ներդնելու համար:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ևս շեշտեց, որ ուծացման դեմ պայքարի գլխավոր զենքը մայրենիի ուսուցումն է և հույս հայտնեց, որ երիտասարդներն իրենց բնակության երկրներ են մեկնելու նորից Հայրենիք վերադառնալու ակնկալիքով:

«Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հայոց լեզվի ուսուցչուհի՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Հիլդա Գալֆայան–Փանոսյանը, շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ հայապահպանության, սփյուռքահայերին հայեցի կրթելուն ուղղված այս կարևոր ծրագրի համար:

Ներկաներին իր օրհնությունը բերեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հոգեշնորհ Տ. Տիրան աբեղա Հակոբյանը:

Սփյուռքահայ երիտասարդները հանդես եկան հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով:

Միջոցառումն ամփոփվեց ավանդական խարույկի շուրջ, ուր մինչև ուշ երեկո երգեցին և պարեցին ծրագրի մասնակիցները:

Scroll Up