«Հայաստանը միայն վիրավորների, նահատակների երկիր չէ, Հայաստանը նաև ծաղկող գարունների երկիր է » Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեան

«Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է Հայաստան այցելած սիրիահայ գրող, լրագրող Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանի հետ: 

–  Այսօր ապրել Սիրիայում՝ Հալեպում, մեծ հերոսություն է. ապրելով այնտեղ՝ Դուք գրեթե ամեն վայրկյան վտանգի մեջ եք, կյանքի ու մահվան կռվի խաչմերուկում: Շատերը տեղափոխվեցին Հայաստան, նաև՝ այլ երկրներ, իսկ Դո՞ւք…

–  Մենք մնացինք Հալեպում, թեև ապագայում պիտի նախընտրենք ապրել Հայրենիքում: Մեր տունը Հալեպի Ազիզիե թաղամասի շենքերից մեկի 8-րդ հարկում է: Անշուշտ, վտանգավոր է. հրթիռները հաճախ ընկնում են մեր շենքի աջ ու ձախ կողմերում: Աստված պահում, պահպանում է մեր տունը: Այդ պայմաններում էլ ես պարապ չեմ մնում, արժևորում եմ ժամանակը: Գնում եմ դասախոսությունների, տանը գրում եմ, ստեղծագործում, զբաղվում առտնին հոգսերով: Վերջին շրջանում ես երկու գիրք եմ գրել: Եթե դուրս էլ գանք Սիրիայից, ապա մեր միակ հանգրվանը Հայրենիքը կլինի. պետք չէ օտար ափերում բախտ որոնել:

–  Պատերազմական գործողությունների պայմաններում նույն բարիդրացիական հարաբերությունները պահպանվո՞ւմ են հայերի և արաբների միջև:

–  Այո՛, Սիրիայի, Հալեպի արաբները ջարդի ժամանակ էլ մեզ շատ են աջակցել: Նույն արաբը չէ, որ սկսեց պատերազմը: Դրսից եկել են ահաբեկիչներ, վարձկաններ, այլազգի տարբեր թափթփուկներ, ովքեր զինվեցին նույն այդ Թուրքիայի օգնությամբ և գիտակցությամբ, սահմանը բաց թողնվեց, և այդ ծայրահեղականները ներս անցան, ու իրենք հրահրեցին, որ տեղի արաբները պետության դեմ դուրս գան: Տեղի արաբների հետ 100 տարի առաջ գաղթած հայերը միշտ ապրել են բարեկամական հարաբերություններով: Ամեն չարիքի մեջ բարիք էլ կա՝ այս պատերազմն առիթ եղավ հայրենադարձության. ուրիշ երկիր գնալու փոխարեն՝ ավելի լավ է գալ Հայաստան, այստեղ չարչարվել և Հայրենիքը շենացնել:

–  Մարիանա՛, որտե՞ղ եք ուսանել և բարձրագուն կրթություն ստացել:

–  Երկրոդական ուսումս Հալեպում ավարտելուց հետո եկել եմ Հայաստան, ընդունվել եմ ԵՊՀ-ի բանասիրության բաժին և այն ավարտելուց հետո շարունակել եմ ուսումս՝ ստանալով մագիստրոսի որակավորում, նպատակ ունեմ նաև ասպիրանտուրայում սովորել: Ասեմ, որ 2 տարի հոգեբանություն եմ ուսումնասիրել և հաճախել երկտարյա դասընթացների:

–  Ոչ բոլոր բանասերներն են օժտված ստեղծագործելու շնորհով. ե՞րբ է Ձեզ տրվել այդ շնորը, ո՞ր տարիքից եք ստեղծագործում:

–  Դեռևս նախակրթարանում բանաստեղծություններ էի գրում և ինձ դրա համար շատ էին քաջալերում, սակայն գրածներս այդ տարիներին չէին տպագրվում: Երբ մի քիչ մեծացա, մի պահ դադար եղավ ստեղծագործական առումով: 10 տարի առաջ կրկին սկսեցի ստեղծագործել, բայց այս անգամ՝ արձակի ժանրով: Թղթակցում եմ նաև մի շարք թերթերի՝ Բեյրութի «Ազդակ»-ին, Հալեպի «Գանձասար»-ին, Ամերիկայի «Ասպարեզ»-ին, իսկ Հայաստանի թերթերի հետ կապերս պետք է վերստեղծեմ:

–  Քանի՞ տարի չեք եղել Հայրենիքում:

–  Ուսանողական տարիներին մոտ 6 տարի՝ 18-ից մինչև 23 տարեկան, Հայաստանում եմ ապրել: 10 տարի անց, երբ եկա, կարծես կարոտից շնչահեղձ էի եղել. այնքա՜ն հաճելի էր վերադարձիս ժամանակ ունեցած զգացումը, վերամիացումը, ուզում էի շոյել ամեն մի ծառ, մի տերև: Հետո 3 տարին մեկ եկա Հայաստան՝ մասնակցելու համաժողովների, սակայն չեմ ուզում, որ այդ ընդմիջումները երկար տևեն. կարոտին դժվար է դիմանալ: Մոտ 5 տարի Սիրիայում դպրոցների ուսումնական խորհուրդների կազմում եմ եղել, 2-3 տարի հայոց լեզու և գրականություն եմ դասավանդել: Ընդմիջումներ եմ ունեցել, որովհետև երեխաներ ունեցա և խնամում էի նրանց: Հիմա երկուսն էլ մեծ են, սովորում են և աշխատում: Աղջիկս 24 տարեկան է, մասնագիտությամբ հոգեբան է, աշխատում է Բեյրութի «Հայկազյան» համալսարանում, իսկ տղաս սովորում է Ամերիկայում:

–  Այս այցելությունը Հայրենիք գործնակա՞ն է, թե՞ կարոտի թևերով եկաք:

–  Ես ընդհանրապես Հայրենիք գալու ոչ մի առիթ բաց չեմ թողնում: Ամուսինս պետք է գար մասնակցելու ընկերական մի հավաքի. Սփյուռքի տարբեր երկրներից նրա ընկերներն իրենց ավարտականի 25-ամյակը նշելու առիթով պետք է հավաքվեին Հայաստանում, ես էլ որոշեցի ամուսնուս հետ գալ: Այս առիթն օգտագործեցի և «Անտարես» հրատարակչությունում տպագրեցի 3-րդ՝ «Բողբոջող անմոռուկներ» գիրքս: Առաջին գիրքս՝ «Կանչ Արարչական»-ը տպագրվել է 2009թ. Հալեպում, 2-րդ գիրքս՝ «Լոյսի ճամբորդներ»-ը տպագրվել է 2012-ին, Հայաստանում:

–  Անդրադառնանք Ձեր վերջին՝ «Բողբոջող անմոռուկներ» գրքին, որը նվիրել եք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. վերնագրից ներքև գրել եք՝ «Սահմաններուն վրայ բողբոջող անմոռուկներուն զրոյցներէն», կմեկնաբանե՞ք…

–  «Բողբոջ» բառն, անշուշտ, դրական իմաստ ունի, սակայն անմոռուկները բողբոջում են, այսինքն՝ ցավալիորեն, եղեռնը շարունակվում է նաև մեր օրերում, հայերը դարձյալ գաղթում են… Էրգրից եկող տարեցների կյանքն ու անցած ճանապարհներն ինձ համար շատ կարևոր էին, արժեքավոր: Իմ ընտանիքում, մեր գերդաստանում մեծեր շատ կային, մենք մի մոտ ազգական ունեինք, ով Այնթապից էր եկել, վերապրել էր Եղեռնը և 100 տարի ապրեց: Ես պատանի էի, մայրս այդ ժամանակ նոթեր էր արել նրա ապրած կյանքից, գրի առել նրա պատմության էջերը, հայերի մղած հերոսամարտերը, ես էլ հետագայում զարգացրեցի այդ գրառումները, նոթերը: Հետաքրքիրն այն է, որ Այնթապն ու Հալեպը մի վիլայեթի մեջ են եղել, այնթապցիները պայքարել են թուրքի դեմ, կորցրել իրենց տներն ու կայքը, թողել ու եկել Հալեպ, ծաղկացրել, շենացրել Հալեպը, սակայն 100 տարի անց այս ծայրահեղ մուսուլմանական շարժումն սկսվեց, որի արմատում նույն թուրքն է, նույն նենգ ձեռագիրն է: Ինչպես 100 տարի առաջ աշխարհի հզոր գերտերությունների անտարբերության ներքո, այնպես էլ հիմա, ասես կրկնվում է նույնը: 200-ից ավելի հայեր մահացան սիրիական պատերազմի պատճառով, հարյուրավոր տներ ու մշակութային կառույցներ ավերվեցին, և հայերը կրկին գաղթական դարձան: 100 տարի առաջ կացինն ու յաթաղանն էին ճոճվում, հիմա հրթիռներն են ոչնչացնում մարդկային բազում կյանքեր, թաղամասեր ու տներ: «Բողբոջող անմոռուկներ»-ը ցավալիորեն շարունակվող եղեռնի մասին է:

–  Գրքի կիզակետը, առանցքը համարվող մի փոքր հատված կներկայացնե՞ք…

–  «Միայն մեր հաւատքով կրնայ ապրիլ եւ մեզ ապրեցնել՝ հոգեւոր Հայաստանը, սիրոյ երազի մը պէս, որ իրական է եւ անիրական, շնչուած օդի պէս, որ չենք տեսներ, բայց առանց շնչելու կրնանք շնչահեղձ ըլլալ եւ մահանալ: Շատ յաճախ գիտակցօրէն չենք զգար անոր ներկայութիւնը, բայց կը տեսնենք ամէն բարի բանի եւ ճամբաներու, ժապաւէններուն մէջ՝ Ալիշանեան հոտառութեամբ ու սիրով: Կը ձուլուիմ այն երազին հետ, ուր ան մայր է՝ թագուհի եւ ամբողջական, ցաւած թերեւս անարգուած շատ անգամ ու չհասկցուած, բայց հոգիի բոցով մեզի համար բոցավառող, ծիրանագոյն բեհեզներու պերճանքը յիշեցնող սիրով, զինուորներ՝ բնական վարուելակերպով, հրամանատարներ՝ շատ անգամ մարդկային կամ անմարդկային ընթացքով: Պարտաւոր եմ, պարտաւոր ենք ընդունելու զայն՝ լավատեսութեամբ ու սիրով, հակառակ իր բոլոր թերութիւններուն… Պարտաւոր ենք ընդունիլ զայն՝ սիրել իր բացթողումներով՝ որոնց մեղաւորը մենք ենք՝ մեր բացակայութեամբ եւ ծուլութեամբ… Հայրենիքը չի՛ գնուիր, կը շահուի, կ’ ընդունուի միմիայն սիրով եւ ոչ պարտադրաբար կամ ստիպողաբար. սէրը կը յաղթե ամէն տկարութեան, ամէն թերութեան եւ խաւարի, սէրը երկայնամիտ է, գիտէ համբերել, որ հասնի յաւիտեանին»:

–  100-րդ տարելիցից հետո, ըստ Ձեզ, կհաղթի՞ արդյոք հայի արդար դատը…

–  100-րդ տարելիցը առիթ էր, որ հայն ու Հայաստանը, Հայոց հարցը արժևորվեն ողջ աշխարհում: Անելիքներ դեռ շատ կան, սակայն կարծում եմ, որ կհասնենք նվաճումների, որովհետև, իրոք, մեր դատն արդար է. Թուրքիայի նման կեղծիքի վրա չէ հիմնված: Նրանք զբաղված են պատմությունը նենգափոխելով: Կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, որ Եվրոպան, ողջ աշխարհը մի օր կտեսնեն ու կհասկանան, որ չի կարելի շարունակ լռել կեղծիքի հանդեպ:

–  Երբ ոտք եք դնում հայրենի հողին, ինչպիսի՞ զգացումներ եք ունենում:

–  Շա՜տ գեղեցիկ զգացում է անիկա, որովհետև Հայրենիքը միակն է և մեկը կարող է լինել, ինչպես մայրը: Հայաստանը միայն վիրավորների, նահատակների երկիր չէ, Հայաստանը տկար երկիր չէ, Հայաստանը նաև ծաղկող գարունների երկիր է: Աղոթում եմ, որ Հայաստանը միշտ շեն մնա:

–  Մեր զրույցն ավարտենք Հայաստանի մասին Ձեր բանաստեղծություններից որևէ մեկի տողերով.

–  6-րդ դասարանում գրածս արտասանեմ.

Արարատի շուքին ու անոր չափ հին

Հայրենիք մը ունիմ հեքիաթ աննման,

Որուն կը նայիմ ես ուրախութեան արցունքով՝

Որպես երազ անմեկին:

 Զրուցեց Կարինե  Ավագյանը

Scroll Up