Վերջին զանգի քաղցրահնչյուն ղողանջներում հայի մշտարթուն ոգին էր ճախրում …

Անպարտելի է այն ժողովուրդը, որը ղեկավարվում է ոգու ձեռքով։
(Գարեգին Նժդեհ)
Այսօր կարծես մեր հոգում
Խինդ ու թախիծ միասին են,
Արցունքի միջից նայում,
Ջերմ ժպտում ենք մենք իրար …
Մեր մեջ հուշերն են մեր վառ,
Ուրախ ու տխուր իմ խոհերը,
Իսկ շուրջը տաք հայացքներ են,
Դեմքեր են այնքա՜ն հարազատ …

Այս հուզառատ՝ «Վերջին զանգը» երգի մեղեդիների ներքո տոնական տրամադրությամբ և ծափողջույնների ուղեկցությամբ բեմ բարձրացան Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա քառամյա դպրոցի 2014-2015 ուս. տարվա շրջանավարտները։ Նրանք հանդիսատեսին ներկայացան թագակիր նռան խորհրդանշական պատկերներով, իսկ նրանց հարազատ դպրոցը ներկայացված էր հրակարմիր նռնենու խորհրդապատկերով։ Կարծում եմ որևէ բառ կամ միտք այդ մասին դժվար թե կասի ավելին, քան աստվածաշնչյան այն խոսքը, որը տեղին է այս պարագայում. «Յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում»։

Շրջանավարտները հրաժեշտ էին տալիս հարազատ դպրոցին՝ սպառազինված մայրենի լեզվի գանձերով, մայր ժողովրդի դարավոր մշակույթի ու պատմության իմացությամբ, տոգորված հայրենասիրական ջերմագին զգացումներով։

Նրանց հոգիները համակված էին հուզականությամբ՝ տխուր, որ ավարտում են, սակայն հույսով առլեցուն էին, որ հնարավորություն կունենան կյանքի կոչելու իրենց գիտելիքները։ Նրանք գնում են կյանքին նոր կորով հաղորդելու:

Դպրոցական տարիներն ամփոփվեցին վերջին զանգի ավարտական ցերեկույթով, որը կրում էր «Դարերի մեջ են մեր արմատները» խորագիրը։ Հաղորդավարները սահուն ու վստահ հայերենով ազդարարեցին միջոցառման սկիզբը։

Բեմահարթակի ձևավորոմը համահունչ էր ցերեկույթի բովանդակությանը… Այդ պատասխանատու աշխատանքում նշանակալից ավանդ ունեին ոսկեձեռիկ հունարներով օժտված ծնողներ Լուսինե Սաֆարյանը և Լյուդմիլա Վարագյանը։ Մարդկանց հոգիների մեջ հավատ էր ներշնչում՝ «հավատ ոսկեման»՝ Մաշտոցի պատկերը՝ սրբի պսակով։
Այս ուսումնական տարվա «Վերջին զանգը» առանձնահատուկ էր, վասնզի, ինչպես կրթօջախի տնօրեն Էլեն Պողոսյանը բնութագրեց. «Հավատարիմ մնալով իրենց արմատների կանչին՝ մեր շրջանավարտները նոր շունչ ու իմաստ տվեցին կրթօջախին՝ իրենց բարի կամոք ու ցանկությամբ դարձան 5-ամյա ուսուցման առաջնեկները՝ ուսանելու վերջին տարին նվիրելով ցեղասպանության մեկդարյա տարելիցին և կյանքի կոչելով մեր փառապսակ մեծերի պատգամը՝ «այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար»։ Սուրբ նահատակների հիշատակին՝ պարտքի յուրօրինակ հատուցում էր կրթօջախի աշակերտուհիներ Վերոնիկա Վանյանի ու Լիլիթ Բեգլարյանի մասնակցությունը և հաղթանակը ՝ ՀՀ սփյուռքի նախարարության և հայերի համաշխարհային կոնգրեսի կողմից կազմակերպած՝ «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» վերնագրով շարադրությունների մրցույթում, որը նվիրված էր Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին։

Շրջանավարտներին իր օրհնությունը բերեց Չերկաս քաղաքի հայկական եկեղեցու Տեր Նարեկ քահանան. «Եվս մի փունջ սփյուռքահայ երեխաներ նոր կյանք են մտնում հայերենի իմացությամբ։ Թո՛ղ հայոց լեզուն հարատևի նրանց շուրթերին, թո՛ղ դուրս գա այս շինության կամարներից մեսրոպահունչ, մեսրոպաշունչ, երկաթագիր լեզուն հայոց և մանկանա հայ ընտանիքներում, որովհետև քանի հայ մանուկը հայերեն է բարբառում, հայը կա։ Հետևաբար, հայերեն յորաքանչյուր խոսք պիտի ընկալվի իբրև հավատքի նշխարք։ Աստվածային պահապան Սուրբ Աջը և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կենդանարար խոսք-օրհնությունը հովանի ու պահապան լինեն ձեզ։ Սուրբ Խաչը եղիցի հայ ազգիս ապավեն» …

Հնչեց օրհնության հոգեպարար աղոթքը, և կարծես հեզահոգի, բարի հրեշտակները սփռեցին հանդիսասրահում հայր Նարեկի շուրթերից արտաբերված բառերի բույրը։
Հայրենակիցներին, ծնողներին ու աշակերտներին բարեողջույնի ջերմ ու հուզիչ խոսքեր հղեց կրթօջախի վաստակաշատ տնօրեն Էլեն Պողոսյանը և հավելեց.
«Ապրիլի քսանչորսին համայն հայությունը նշեց ոչ միայն ցեղասպանության մեկդարյա տարելիցը, այլև մեր ժողովրդի վերածննդի 100-րդ տարեդարձը Մենք գոյապայքարի նոր ձև որդեգրեցինք և կրկին հավաստեցինք, որ գիտենք հարատևելու առասպելական գաղտնիքը … Ոճրագործ թշնամին հասկացավ՝ անհնար է խլել հայի ոգին. նահատակված յուրաքանչյուր հայի ոգի երկինք է համբարձվել՝ կազմելով մի զորեղ բանակ, և այդ բանակը մահապուրծների և նրանց ժառանգների հաշվի մեջ է , որը օրեցօր հզորանում և քառապատկում է ապրողների շարքերը։ Այդ շարքերում վստահորեն քայլում են նաև Հայր Մաշտոցի անվան կրթօջախի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչի թոռներ» գրական-ազգագրական ստուդիայի սաները և համայնքի երիտասարդների միության անդամները։ Իրենց մեջ պահելով դարերի հորձանուտում թրծված ու կոփված հայոց ոգին՝ նրանք վրեժխնդրության կոչ են անում․ «Աապրել, արարել, մեր լեզուն ու հավատքը պահպանելով հավատարիմ մնալ մեր հայրերի Աստծուն ու հայրենիքին , նախնյաց ավանդներին»…

Տոնական այս օրը կայացավ ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը. մաշտոցյան անմահ լույսերով՝ աստվածատուր տառերով հայոց և հայկական մանրանկարչության նմուշներով ձևավորված վկայականները բարեմաղթանքի սրտաբուխ խոսքերով շրջանավարտներին հանձնեց համայնքի փոխնախագահ Արտեմ Քարաջյանը։ Իրենց խրախուսական պարգևները՝ նախապես հիշատակված մրցույթում շահած՝ առաջին և երկրորդ կարգի մրցանակները ստացան դպրոցի աշակերտուհիներ՝ ուսման առաջավորներ Վերոնիկան ու Լիլիթը։
Կրթարանի հարկի ներքո հնչեցին դպրոցական զանգի վերջին ղողանջները…
Հուզումնալից աշակերտներին դիմեց վաստակաշատ տնօրեն Էլեն Պողոսյանը.
-Բարի ղողանջ քեզ ,Վերջի՛ն զանգ, ավետում բարի։ Ձեզ բարի երթ սիրելի՛ մաշտոցականներ, մաշտոցյան լեզվի ապագա՛՛ սերմնացաններ։

Որպես մայրական սրբազան պատգամ հանդիսավոր լռության մեջ հնչեց Ամենայն հայոց բանաստեղծուհու ազդեցիկ ձայնը.
… Ու տես, որդի՛ս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո մայր լեզուն չմոռանա՛ս։
Երկնային օրհնության նման մաշտոցականների շուրթերին գեղգեղաց հայոց Ազգային Մեծագույն Երգը. «Այբ, բեն, գիմ․․․»։

Հանդիսասրահի կամարների ներքո ալիքվեց դպրոցի երդումը՝ նրանք ուխտեցին իրենց հոգիներում վառ պահել մաշտոցյան պատգամները։
Այդ օրը դպւոցականները թախծախառն ժպիտով շնորհակալության, հրաժեշտի խոսքեր ձոնեցին սիրելի ուսուցիչներին՝ մայրենի լեզվի ուսուցչուհի և դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանին, հայոց պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանին, դպրոցի մյուս ուսուցիչներին։
Ոգևորության ալիքը բեմից փոխադրվեց դահլիճ, երբ հայկական պարերի շարանի անզուգական կատարմամբ հանդես եկավ Արմեն Վարագյանը։ «Հայի ոգին» երգեգին Տաթևիկ և Արևիկ Արմենակյան քույրերը։ Հայոց ոգին իր անպարտելի արիականությամբ միշտ էլ հզոր է եղել, և այսօրվա երիտասարդ սերունդը այդ արիական գենի ժառանգորդն է, մեր նախնիների արյունով ներկված հողի տերն ու մշտապես պահապան զինվորը:

«Արաքս» երգի մեղեդիների քաղցրությունը շոյեց ունկնդիրների հոգիները և գրավեց նրանց սրտերը: Աղջկա այս հոգեհույզ երգը՝ «Ինչու՞ է աղմկում գետը» կինոնկարից, կատարեց համանուն վոկալ խմբի գեղարվեստական ղեկավար, քաղցրաձայն երգչուհի Սիրանուշ Մինասյանը։ «Արաքս» խումբը հանդես եկավ նաև «Հորովել» աշխատանքային երգով, որում արտացոլված է հայ մարդու աշխատասիրությունը, անսահման սերը հայրենի բնաշխարհի, հող ու ջրի հանդեպ։ Ազգային ինքնատիպ կոլորիտն ավելի ցայտուն դարձավ «Խոսի՛ր, դուդու՛կ, հայի՛ դուդուկ» երգով․ Ծիրանափողի գերող ու չքնաղ մեղեդիներում «մեր ազգի կանչն է, մեր ժողովրդի ոգին»։

Դպրոցական տարիներն ամփոփվեցին վերջին զանգի հանդիսավոր ու գեղեցիկ արարողությամբ, որը վերածվեց հային ու Հայաստանին, հայի ստեղծագործ ու թևավոր ոգուն ձոնված ներբողի։
Վարպետորեն բեմականացվեց սփյուռքահայ արձակագիր և բանաստեղծ Համաստեղի «Հայի ոգին» քերթվածքը, որը հայ ժողովրդի ապրելու հզոր տենչանքի հաստատումն է. այն բարի և ազնվասիրտ հայի սրտի երգն է, իսկ բանաստեղծը՝ Հայ Հոգու իմաստուն երգիչը։
Մեր ժողովրդի 5000-ամյա պատմության, 1700-ամյա քրիստոնեական հավատքի և մեսրոպյան «տառազորքի» պայքարի դրվագների ու հնագույն մշակույթի մի փոքրիկ պատառիկի պատկերավոր ներկայացման շնորհիվ արձագանքեց հայի ոգին։

Որտեղի՞ց է գալիս հայի ոգին՝ հայրենի բնաշխարհից, որի ուրիշ լեզուներով չթարգմանվող՝ անանց կարոտն ապրում է ամեն մի հայի սրտում

Հայի ոգին Հայաստանն է՝ որպես մայր համայն հայության, ում հոգին կխաղաղվի լոկ այն ժամանակ, երբ զավակները կխոսեն հայերեն, կմտածեն ու կաղոթեն հայերեն։
Հիանալի ու հնամենի մեր երկիրը հյուրասեր է շատ , սակայն բազմիցս է տեսել է «դաժան հյուրեր», ու իր քաջազուն զավակները կյանքի են գնով պաշտպանել իրենց երկիրը, հավատն ու լեզուն․
Հայկի, Դավթի և Տրդատի, Արտաշեսի երկիր․․․
Խորենացու, Շիրակացու, Նարեկացու երկիր ․․․
Կոմիտասի, Վարուժանի և Զոհրապի երկիր՝
Մեծն Տիգրա , Քաջն Վարդան՝ պահպանիչնե՛ր քո տան․․․

Բեմահարթակին, ասես դարերի խորքից, վեր են բարձրանում հայ ազգի այն բոլոր նվիրյալները, ովքեր իրենց ուսերի վրա կրել են Հայրենիք ունենալու և պահելու ծանրությունը՝ վայելչակազմ, աղեղնավոր Հայկ նահապետը , թլոր Դավիթը՝ կայծակնափայլ թուրը ձեռքին, քաջ Վարդանը՝ մի ձեռքում խաչը, մյուսում՝ նիզակը։
Սուրբ Երրորդության ժողովուրդ է հայ ժողովուրդը։ Երբ երեք սրբություն միանում են իրար՝ Գիրը, Խաչն ու Սուրը, «պարտությունն անգամ ունի հպարտություն և հավասարազոր է հաղթանակի»․․․
Հայի հավատքն է հայի ոգին՝ արտահայտված թե՛ գրավոր և թե՛ նյութական սրբությունների միջոցով․ այդ սրբությունները մեր սրբատաշ ժայռերով կառուցած հազարավոր եկեղեցիներն ու խաչքարերն են, որոնք ծնունդ են առել հայի հոգուց։

Հայի ոգին հայ լեզուն է, որը ծնվել է անհիշելի ժամանակներում։ Նրա ծննդավայրը Հայկական լեռնաշխարհն է, նրա մայրը Հայ ժողովուրդն է, հայրը՝ Մեսրոպ Մաշտոցը․
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ…
Հայի ոգին հայոց լեզուն է , որը որպես նշխարք, որպես հաղորդ ու նկանակ բաշխվեց գաղթի ճամփեքին, մեր ըղձալի լեզուն է՝՝ մանկան պես զվարթ, տարեցի պես իմաստուն, աղոթքի պես սփոփարար, գարնան պես վարար։
Որպեսզի Աստծո օրհնությունը միշտ ուղեկցի շրջանավարտներին, կատարվեց սուրբ նշխարքի խորհրդանշական ճաշակումը. խաչի պատկերով այս փոքրիկ բլիթը հայ առաքելական եկեղեցին դիտում է որպես Քրիստոսի մարմնի խորհրդանշան։ «Եկեղեցու օրհնյալ հացը» մատուցեց «Օջախ» էթնիկ խմբի ղեկավար Սոնիկ Հաննեյանը. նրա ազգային գունազարդ հանդերձը ավելի էր ընդգծում արարողության խորհուրդն ու է գեղեցկությունը։
– Հայի ոգին մեր հիշողությունն է,-հնչեց երեխաների պատասխանը։

Այդ էր վկայում անմոռուկներով ձևավորված քառաթև խաչապատկերը՝ վասն հավատո ու վասն հայրենյաց եղեռնագործված ժողովրդի հիշատակի խորհրդանիշը։
Հայի ոգին մեր հնադարյան քաղաքներն են, մեր գերված ու ավեր Անին է, որ հարություն է առնում նոր Երևանի կոթողների մեջ, մեր Երևանն է՝ համայն հայության հույսն ու հավատը․․․
Եվ այս ոգով շարունակվում էր այս գեղեցիկ միջոցառումը․․․

«Հայի ոգին» ոգևորեց․ թևավորեց բոլորին։ Այդ էին վկայում բուռն ծափահարությունները և դրվատանքի հրաշալի խոսքերը՝ հղված ցերեկույթի մասնակիցներին ու կազմակերպիչներին։
Միջոցառումը մեծ ու սքանչելի խորհուրդ ուներ․ այն հայրենասիրական յուրօրինակ պատգամ էր, անմոռաց մի դաս՝ նվիրված «էպոս ու հերոս ծնած ժողովրդի» ազատատենչ ոգով դաստիարակված՝ օրվա հերոսներին՝ շրջանավարտներին։

Մեսրոպ Մաշտոցի անվան կրթօջախը կրկին ու կրկին ապացուցեց, որ առաջամարտիկ լինում են ոչ միայն բարձրորակ ուսուցման իրականացմամբ, այլև տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ, որոնք հայ երեխաների սրտերում հայրենասիրության հունդեր են սերմանում և կոչում՝ վառ պահել այդ սերը, նպաստում սփյուռքահայ մանկանց ու երիտասարդաց համակողմանի և ներդաշնակ դաստիարակությանը։
Շրջանավարտները հրաժեշտ տվեցին հարազատ կրթարանին՝ խանդավառված հայի ոգով՝ անպարտ ոգով…

Նարինե Մուրադյան
«Վերնատուն» համայնքաթերթի թղթակից, ք.․.Օդեսա

01 02

Scroll Up