Օծվեց Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանիչ նորակառույց եկեղեցին

Մայիսի 31-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող նորակառույց եկեղեցու օծման արարողությունը, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Ս. Հովհաննես եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել է 2002 թ. հոկտեմբերի 29-ին, կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Աբրահամյան ընտանիքի բարերարությամբ: Նախագծի հեղինակներն են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը և ճարտարապետ Էմմա Ֆահրադյանը:

Եկեղեցու առջև Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀՀ նախագահին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականաց դասի և ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ Նորին Սրբությունը և ՀՀ նախագահը «Հրաշափառ» շարականի ներքո առաջնորդվեցին եկեղեցի, ուր սկսվեց շքեղակառույց տաճարի օծման արարողությունը:

Շարականների և սաղմոսների ներքո ջրով և գինով լվացվեցին եկեղեցու Ս. Սեղանը, սյուները և մկրտության ավազանը: Այնուհետև խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը: Ձեռամբ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օծվեցին եկեղեցու խորանի սյուները, մկրտության ավազանը և խորանի շուրթը: Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նորակառույց եկեղեցին կոչվեց Ս. Հովհաննես Ավետարանիչ առաքյալի անունով:

Հավարտ եկեղեցու օծման, Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ու հայրապետական օրհնությունը բերեց ներկա ժողովրդին: Նորին Սրբությունը, առանձնակի գոհունակությամբ ողջունելով ՀՀ նախագահի, պետական բարձրաստիճան այրերի և հավատավոր ժողովրդի ներկայությունը, վստահությամբ նշեց, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու օծումը հայրենի երկրում պիտի հավելի օրհնությունն ու երկնառաք շնորհները:

«Հայոց հինավուրց մայրաքաղաք Արտաշատում վեր հառնած այս հոյակերտ եկեղեցին, հիրավի, նոր հոգևոր շունչ և վերելք է բերելու համայնքային կյանքում` հրավիրելով աղոթքի, աստվածպաշտության, ազնիվ ու արդար, հայրենաշեն ու ազգանվեր գործերի: Եկեղեցու կամարների ներքո բարեպաշտ հայորդիք պիտի զորանան ոգով, առ Աստված սիրով, ստանան հոգևոր մխիթարություն` իրենց սրտերում գոհաբանության զգացումով հնչեցնելով սաղմոսերգուի խոսքերը. «Տե՛ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի բնակության վայրը»: Եկեղեցին Բարձրյալի ներկայությունն է մեր կյանքում, ուր ամեն հավատավոր` աշխատավոր թե իշխանավոր, այր թե կին, երիտասարդ թե տարեց, խոնարությամբ են մուտք գործում և իրենց հոգու հայցը բարձրացնում առ Աստված, գոհաբանություն մատուցում Տիրոջը Իր անգին պարգևների, Իր հայրական խնամքի և օրհնությունների համար: Եկեղեցին սրբություն է պարգևում` իր նվիրական կամարների ներքո համախմբված հավատացյալների հոգիներից ներս հեղելով աստվածային կենարար շնորհները, առաջնորդելով Աստծո հետ աղոթական հաղորդակցության, Տիրոջ հետ մերձավորության: Աղոթավայրի օրհնյալ հարկից ներս Սուրբ Հոգու շնորհների ներազդեցությամբ սրբության կնիքն ու դրոշմն է կրում հավատացյալ անձը, պայծառակերպվում ու մաքրագործվում…: Մեր Սուրբ Եկեղեցին հայի  հոգու ծննդավայրն է, ինչպես բնորոշում է մեր մեծանուն բանաստեղծ Վահան Թեքեյանը, քանզի մեր Մայր Եկեղեցու սուրբ ավազանից ենք ի հոգևորս ծնվում իբրև քրիստոնյաներ, այստեղ ենք զորություն ստանում հոգևոր կյանքի և առաքինությունների իրագործման համար: Եկեղեցու հովանու ներքո մենք հաղորդակցվում ենք մեր հոգևոր-ազգային դարավոր արժեքներին, մեր պատմությանը, հայոց ազգային ինքնությունը ձևավորած անգին ժառանգությանը մեր հայրերի: Այստեղ ենք մենք ճանաչվում որպես հետնորդները Աստծո խոսքը հայերեն հնչեցրած, հայոց գրերը երկնած Մեսրոպ Մաշտոցի և հայոց ոսկեդարը կերտած նրա աշակերտների, հայ ոգու և նկարագրի վրա անջնջելի դրոշմը տպավորած Վարդան Մամիկոնյանի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ցեղասպանության մեր սուրբ նահատակների և մեր բազում սրբերի, ովքեր իրենց կյանքը դարձրեցին ընծայաբերում Աստծուն, ազգին ու հայրենիքին: Ահա այսպես է եկեղեցին ամուր բերդը մեր ազգային ինքնության պահպանության, ազգային նկարագրի կերտման, հայոց ինքնագիտակցության ամրապնդման, ամուր բերդն է մեր հավատքի, քանզի ըստ տերունական առակի` սա Քրիստոս Վեմի վրա հաստատված այն տունն է, որն անսասան ու զորեղ պիտի պահպանի այստեղ բնակվող իր զավակներին: Եկեղեցու կառուցումը նաև ոգեկոչում է Ցեղասպանության մեր նահատակների հիշատակը, ովքեր զոհվեցին անկախ ու ազատ հայրենիքի տեսիլքը իրենց հոգում` երազելով, որ մեր ժողովուրդը անկախ պետականության հովանու ներքո հայրենյաց հավատքով զորացյալ` պայծառացնի իր կյանքը, ազգային-եկեղեցական անդաստանը: Ցեղասպանության մեր սուրբ նահատակների կտակին հավատարիմ` դիմակայենք մեր կյանքում առկա դժվարություներին, չվհատվենք ու  չտկարանանք խնդիրների ու մարտահրավերների առջև, այլ հավատքով զորացյալ և առ Աստված ապավինությամբ իրականություն դարձնենք մեր բարօր ու առաջադեմ կյանքի, լուսավոր ու հզոր հայրենիքի տեսիլքը», – ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Իր խոսքում Նորին Սրբությունը բարեպաշտ հայորդիներին մասնավորապես հորդորեց հաճախակի այցելել եկեղեցի, աղոթամատույց մասնակցել աստվածպաշտական արարողություններին, ամրապնդել իրենց կամքը, ուժն ու կորովը` իրենց սրտերում կրելու լուսեղեն պատգամները Տեր Հիսուս Քրիստոսի, ապրելու աստվածահաճո ընթացքով, հաղթահարելու ժամանակների մարտահրավերները, կյանքի դժվարությունները և մշտապես հաստատուն լինելու հավատքի, հայրենասիրության ու ազգասիրության մեջ:

Եկեղեցու օծման առիթով Գարեգին Բ Հայրապետն իր օրհնությունը բերեց եկեղեցու բարերարին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` ուրախությամբ ընդգծելով, որ եկեղեցու պայծառության այդ նախանձախնդրության կրողն է նաև բարերարի որդին` Արգամ Աբրահամյանը, ով տարիներ առաջ հանձն առավ Արարատի մարզի Մխչյան գյուղի Ս. Հովհաննես եկեղեցու նորոգության աշխատանքների հովանավորությունը` բարի ավանդ բերելով գյուղում հոգևոր-եկեղեցական կյանքի առաջընթացին:

Ի գնահատություն եկեղեցական անդաստանում Աբրահամյան ընտանիքի բերած եկեղեցաշեն կարևոր նպաստի` Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Հովիկ Աբրահամյանին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան:

Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը բերեց եկեղեցու ճարտարապետներին և շինարարներին:

Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված միշտ պայծառ պահի նորակերտ այս եկեղեցին` ի վայելումն և ի մխիթարություն հավատացյալ ժողովրդի: «Թող մեր սուրբ եկեղեցիների խորաններից սփռվող օրհնությունը հանապազ տարածվի մեր կյանքում և հովանի լինի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին, աշխարհասփյուռ հայ կյանքին, որպեսզի մեր ժողովուրդը ապրի անվրդով խաղաղության ու ապահովության մեջ և կերտի լուսավոր գալիքը համայն հայության», – ասաց Հայոց Հովվապետը:

Հոգենորոգ այս առիթով Վեհափառ Հայրապետը տաճարին նվիրեց Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության սրբապատկեր:

01 02 03 04

Scroll Up