«Աստված ուզեց երևի, որ այսպիսի մեթոդ ստեղծեմ հայ լեզվին համար». Հիլդա Գալֆայան-Փանոսյան

ՀՀ  սփյուռքի նախարարության 20013թ. «Սփյուռք-ամառային դպրոց» ծրագիրն իր աշխատանքներն է սկսել Ծաղկաձորում, ուր Հայաստանի և Սփյուռքի հայտնի լեզվաբան- մանկավարժներն արևելահայերեն և արևմտահայերեն են ուսուցանում աշխարհի ավելի քան 25 երկրներից ժամանած մեր հայրենակիցներին:   «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է Փարիզի Սորբոնի համալսարանի դոկտոր Հիլդա Գալֆայան-Փանոսյանի հետ: 

«Սորբոնի համալսարանում դասավանդում եմ հոգեբանություն և լեզվաբանություն: Այս ծրագրի շրջանակներում իմ ստեղծած արագացված մեթոդով սովորեցնում եմ արևմտահայերեն: Դժվարանում եմ հաշվել, թե քանի անգամ եմ եկել Հայաստան: Անցած տարիներին դասավանդել եմ Գիտության և կրթության նախարարության կազմակերպած սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներում: Կապված եմ Երևանի մանկավարժական համալսարանի «Սփյուռք» կենտրոնի հետ, որը ղեկավարում է դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը. մենք միասին կազմել ենք հայոց լեզվի միասնական մի ծրագիր և վերապատրաստել ենք արևմտահայերենի ուսուցիչներ:

Անցյալ տարվանից գործում է այս ամառային դպրոցը, և ես տիկին Հակոբյանին առաջարկեցի, որ ուսուցիչներից բացի դասավանդեմ նաև աշակերտներին իմ ստեղծած լսատեսողական մեթոդով, որն աշխարհում առաջինն է և եզակի է: Այդ մեթոդով  եթե 50 ժամ պարապեմ աշակերտների հետ(տարիքային տարբեր խմբերի), նրանք կարողանում են հասկանալ, պատասխանել, գրել և կարդալ 1000 բառի սահմանում:

 Առաջին մակարդակից հետո նրանք թեստ-քննություն են հանձնում և հաջողության դեպքում փոխադրվում են երկրորդ մակարդակ, հետո` երրորդ, չորրորդ: Չորրորդն ամենաբարձր մակարդակն է, որի ընթացքում արևմտահայերենից ֆրանսերեն ենք թարգմանում պատմվածքներ: Օրինակ` Վահրամ Մավյանի 10 պատմվածքներն արդեն թարգմանված, սրբագրված են:

Տարբեր տարիքի են իմ աշակերտները` սկսած 16 տարեկանից, և բոլորն էլ հաճույքով են սովորում: Օրը 3-4 ժամ պարապում ենք մինչև ժամը 2-ը, հետո շարունակում ենք պարապել Կեչառիսի միջնակարգ դպրոցում: Կեսօրից հետո կազմակերպվում են մշակութային միջոցառումներ: Երեկոյան ժամերին` 21:00-22:00-ը, ես խնդրեցի ունենալ անհատական պարապմունքներ, որպեսզի սովորողը 1 ժամ առանձին պարապի: Իհարկե, ես այնտեղ եմ լինում և հարկ եղած դեպքում օգնում եմ:

Կան լեզուն իմացողներ, սակայն բառերը սխալ են կապում իրար. ես օգնում եմ շտկելու այդ սխալները, սովորեցնում եմ ճիշտը: Ուսուցումը տարվում է 3 դասագրքերով և 2 խտասկավառակներով: Առաջին դասագիրքն ամփոփում է 7 պատմություն` սկսած Ջրհեղեղից, այսինքն` լեզու սովորեցնելու ընթացքում սովորում են նաև մեր պատմության կարևոր դրվագները` քրիստոնեության ընդունումը, գրերի գյուտը, Վարդանանց պատերազմը և նաև կողմնակի շատ ուրիշ գիտելիքներ էլ տալիս եմ, օրինակ` սովորեցրել եմ, որ գարեջրի հեղինակը աշխարհում հայերն են եղել և այլն: Առաջին մակարդակը շատ լեցուն, խտացված դասընթաց է, որով քանի հոգի արդեն Փարիզում բակալավրի քննություն են հանձնել լեզվից: Երկրորդ գիրքը վարժությունների գիրքն է, երրորդ գիրքը կարդալու և գրելու գիրք է: Այդ գրքերն ունեն ՀՀ սփյուռքի և գիտության ու կրթության նախարարությունները:

Ասեմ , որ մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից. ինձ համար կարևոր չէ ո°չ երկիրը, ո°չ սովորողի տարիքը: Իմ օտարախոս աշակերտների հետ գնացել ենք Հալեպ, ուր 20 օր մնացել ենք և վերադարձել ենք Փարիզ: Աշակերտներս սովորել են գրել, խոսել, կարդալ 1000 քերականական բառի սահմաններում. ծնողները  հուզումնքից արտասվում էին` տեսնելով իրենց երեխաների ձեռքբերումը կարճ ժամանակի ընթացքում: Հաջորդ տարի գնացել ենք Եգիպտոս, երրորդ տարին գնացել ենք Բուլղարիա` Վառնա, ուր մեկնելուց առաջ չունևորներին կրթաթոշակ ենք տվել, որպեսսզի ճանապարհածախս ունենան և կարողանան մեզ հետ Վառնա գալ: Չորրորդ տարին գնացինք Կիպրոս: Դրանից հետո եկա Հայաստան` «Սփյուռք» կենտրոն և ալևս ուրիշ տեղ չկարողացանք գնալ:

Աստված ուզեց երևի, որ այսպիսի մի մեթոդ ստեղծեմ հայ լեզվին համար, որի արդյունքներն ակնհայտ են»:

Կարինե Ավագյան

 

Scroll Up