«Հայրենիքս ինձ համար իմ գործերի ողնաշարն է, իմ լիցքավորման անսպառ աղբյուրը». Հովսեփ Նալբանդյան

Հայաստանում է ամերիկահայ բանասեր-գրականագետ, հասարակական գործիչ, մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանը, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

–  Պարո՛ն Նալբանդյան, շնորհավորում եմ Ձեր 13-րդ, 14-րդ գրքերի լույս ընծայման և շնորհանդեսի առիթով: Ցավոք, ներկա չեմ եղել շնորհանդեսին, խնդրում եմ ներկայացնել միջոցառման մասին Ձեր տպավորությունները:

– Ես իմ կյանքն ամբողջությամբ նվիրել եմ գիր ու գրականությանը՝ հեղինակելով շուրջ 14 գիրք: Օրեր առաջ Ազգային գրադարանում տեղի ունեցավ իմ երկու գրքերի շնորհանդեսը. այն բավականին հաջող ձեռնարկ էր: Ես շատ շնորհակալ եմ գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանին և բոլոր այն աշխատակիցներին, որոնց շնորհիվ և աջակցությամբ շնորհանդեսն անցավ բարձր, պատշաճ մակարդակով: Ընթացքում շատ հետաքրքիր ելույթներ ունեցան ճանաչված լեզվաբաններ, գրականագետներ, գրողներ՝ ըստ արժանվույն գնահատելով իմ աշխատանքն ու գրքերիս կարևորությունը: Այդ օրը Ազգային գրադարանի կողմից պարգևատրվեցի «Հակոբ Մեղապարտ»-ի մեդալով և հուշագրով: Մինչ այդ, արդեն երկու տարի առաջ, «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչ» գրքիս համար ՀՀ սփյուռքի նախարարի կողմից պարգևատրվել էի «Մայրենիի դեսպան» մեդալով: Առանց այդ մեդալների էլ ես աշխատել եմ և աշխատում եմ. այդ մեդալներն ինձ ուղղակի պարտավորեցնում են: Երախտապարտ եմ թե՛ Սփյուռքի նախարարությանը, թե՛ Ազգային գրադարանի տնօրինությանն ու աշխատակազմին: Ապրիլին հրատարակել եմ «Կյանքի շարունակվող շավիղներ» հրապարակագրությունը և ապրիլի 30-ին՝ «Հայ գիրքը Ամերիկայում» մատենագիտական աշխատությունը. վերջինը բովանդակում է (1857-2015թթ.) 1127 գրողների:

– Ովքե՞ր են ընդգրկված այդ գրքում՝ սփյուռքահայե՞ր, արևմտահայե՞ր, թե՞ հայաստանցիներ:

Երեքն էլ կան. կոտորածից առաջ սերունդը կա, կոտորածից մազապուրծ գրողները՝ Բենիամին Նուրիկյան, Վահե Հայկ, Հակոբ Ասատրյան… Երկրորդ և երրորդ սերունդը կա: Երիտասարդներ, դժբախտաբար, չկան, քանի որ գրում են միայն անգլերենով, իսկ ես անձամբ անգլերենով գրող հայ երիտասարդին հայ չեմ համարում, քանզի ինձ համար առաջնայինը լեզուն է, լեզվամտածողությունը: Իմ գրքի մեջ կան 3-ից 5 սերնդի տարբեր գրողներ: Գրքումս մանրամասնորեն տրված է գրողի անուն, ազգանունը, գրքի վերնագիրը, հրատարակության վայրը և թվականը, ստեղծագործելու ժանրը, էջերի թիվը:

– Վերջին երկու գրքերի աշխատանքը քանի՞ տարի է տևել:

– Առաջին գիրքս 20 տարիների հրապարակագրություն է, մյուսը՝ մատենագիտությունը, նույնպես երկար տարիների աշխատանք է, այն ուներ իր նախորդը՝ 2011-ին լույս ընծայված «Ամերիկահայ գրքի պատմություն»-ը, բայց այդ գիրքը սրանից տարբեր է: Նախորդն այբբենական կարգով էր, իսկ նորը՝ ժամանակագրական, ավելի ճոխացված է, շտկված են նախկինում եղած բացթողումները: Գիրքը նվազագույնը 4-5 տարի է տարել իմ կյանքից:

– Ո՞ր լսարանի համար են Ձեր գրքերը:

– Իմ գրքերը բոլորի համար են՝ թե՛ մասնագետների, թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների, սակայն վերջին գիրքս ավելի շատ նեղ մասնագիտական է, և, այնուամենայնիվ, ցանկություն ունեցող բոլորն էլ կարող են վերցնել ու կարդալ:

– Ինչպե՞ս եք իրացնում Ձեր գրքերը՝ վաճառքո՞վ, նվիրատվությա՞մբ:

– 1-2 տարի առաջ կարողանում էի վաճառել, սակայն այս վերջին տարում շատ ավելի է դժվարացել վաճառքի հարցը. հաճախ եմ նեղվել, վշտացել այդ պատճառով… Այդ մտքի վրա չկենտրոնանալու համար (իհարկե, եթե վաճառվեն, շատ ուրախ կլինեմ, որովհետև ստացվող գումարը կտրամարդեմ հաջորդ գրքի լույս ընծայմանը) հիմա ավելի սևեռվում եմ իմ հետագա աշխատությունների վրա: Անշուշտ, արել եմ նաև նվիրատվություններ. 2005-ին իմ հիմնադրած «Հովսեփ և Կարոլին» (Կարոլինը կինս է) մատենաշարով հրատարակված է 19 գիրք, առաջին գիրքն այդ մատենաշարով լույս է տեսել 2006-ին: Այս տարի այդ մատենաշարի 10-ամյակն է. 12 տարվա ընթացքում 7230 հատոր եմ նվիրել Հայաստանում, Սփյուռքում և Արցախում գործող 1762 ամենօրյա վարժարաններին, կիրակնօրյա դպրոցներին, կրթական այն հաստատություններին, Երևանի ազգային գրադարանին, Ավ. Իսահակյանի գրադարանին, Արվեստի և գրականության թանգարանին, Մատենադարանին: Նվիրել եմ ոչ միայն իմ հեղինակած գրքերը, այլև իմ անձնական գրադարանից կրկնօրինակ այն գրքերը, որոնց հեղինակները ողջ են, սակայն իրենք իրենց գրքերը չեն նվիրել: Ես զբաղվում են նաև գրքի փրկության հարցերով: Մեր գրքերի մեծ մասը համացանցում ներառված չէ, հետևաբար պիտի գիրքը գնեն, ձեռք բերեն ու կարդան:

– Պարո՛ն Նալբանդյան, մեր զրույցը հասավ մի ցավոտ հարցի՝ այսօրվա երիտասարդությունը գիրք չի կարդում. կուզենայի լսել այդ հարցի լուծման Ձեր տարեբրակները:

– Այո՛, ցավոտ ու մտահոգիչ է այս երևույթը. այն միայն մեր խնդիրը չէ, միջազգային մեծ կազմակերպություններ և Եվրոպական միությունն ու նրան հետևող ենթահանձնախմբերն այս հարցով արդեն զբաղվում են: Այսօր Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Գերմանիայում հետևողական աշխատանք են տանում, որպեսզի երեխաները, երիտասարդները կարդան թղթի վրա տպագրված գրքեր: Այդ հարցով մշակված են հատուկ ծրագրեր: Հայաստանում և Սփյուռքում էլ ծնողները, մանկավարժները պետք է նույնպես հետևողական լինեն, որպեսզի երեխաները գրքեր կարդան՝ առժամանակ ձերբազատվելով համակարգչից: 10 տարվա ընթացքում աշխարհում հրատարակվել է 7 միլիոն 200 հազար անուն գիրք, որոնց միայն 5%-ը կա համացանցում, կնշանակի, որ պետք է օգտվեն գրադարաններից: Գրքի պարգևած զգացողությունն ուրիշ է՝ հենց միայն թղթի յուրահատուկ բույրը, էջեր թերթելը…

– Ձեր 14 գրքերը միայն արևմտահայերենո՞վ են հրատարակվել, թարգմանվե՞լ են արդյոք այլ լեզուներով:

– Արևմտահայերենով են, դասական ուղղագրությամբ, սակայն շատ դյուրամատչելի: Վերջին տարիներին արևմտահայերենի անկում է նկատվում, մենք պիտի քաջալերենք այդ հրաշք լեզուն և գրենք արևմտահայերենով, որպեսզի կարդան ու կամաց-կամաց վարժվեն: Ինչ վերաբերում է թարգմանություններին, ասեմ, որ առ այսօր ոչ մի լեզվով գրքերս չեն թարգմանվել. սպասում եմ, որպեսզի թարգմանող լինի: Ինքս իմ 13-րդ գրքում արաբ նշանավոր բանաստեղծի Արցախին նվիրված գործն եմ թարգմանել հայերեն:

– 14 գիրք՝ մի կյանք եք նվիրել դրանց ստեղծմանը…

– Այո՛, դրանք իմ աշխարհն են, իմ կյանքը, իմ նվիրումը: 2000-2009թթ. «Լոյս» հանրագիտակներիս 6 հատորները 16800 օրինակով 13 անգամ հրատարակվել են ու սպառվել: «Ամերիկահայ գրքի պատմութիւնը», «Հայ բառարաններու համառօտ պատմութիւնը», Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթէականը»՝ դեռևս անտիպ 62 տողերով, դասական ուղղագրությամբ, «Հայոց լեզու», «Ուղղագրության նիւթերու ժողովածու. բառարան», «Մեսրոպ Մաշտոց. Մեծասքանչը», «Կեանքի շարունակուող շաւիղներ» և «Հայ գիրքը Ամերիկայի մեջ», որի վերամշակված տարբերակն է «Ամերիկահայ գիրքի պատմութիւն»-ը. ահա իմ բոլոր զավակները, որոնք տարան իմ կյանքի ու ժամանակի ահռելի մասը, ու ես չեմ ափսոսում:

– Ծնվել եք Հալեպում, բարձրագույն կրթություն եք ստացել Երևանում և հաստատվել ԱՄՆ-ում…

– Այո´, ծնունդով Հալեպից եմ, 22 տարի է, ինչ դուրս եմ եկել այնտեղից: Նախնական կրթությունս Հալեպում եմ ստացել, բարձրագույնը՝ Երևանում, 2 տարի Եգիպտոսում եմ աշխատել որպես ուսուցիչ, հետո վերադարձել եմ Հալեպ, ուր եղել եմ «Մեսրոպյան» վարժարանի տնօրենը, այնուհետև մեկնել եմ Ամերիկա, ուր դասավանդում եմ Բեվերլի Հիլզի միջազգային լեզվաբանական ինստիտուտում. այնտեղ 17 լեզուներ են դասավանդվում և, դժբախտաբար, ամենաքիչը հայերենն է, կա ընդամենը 2 դասարան: Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ հայերը մայրենի լեզուն սովորելու ցանկություն չունեն: Ես Լոս Անջելեսում եմ ապրում, ուր 14 հայկական դպրոց կա, որոնցից 2-ը փակվելու վտանգի առջև են՝ աշակերտություն չունենալու պատճառով: Միայն 4%-ն է հաճախում հայկական դպրոցներ, 96%-ը հաճախում է ամերիկյան հանրային դպրոցներ:

– Այնուամենայնիվ, հայկական դպրոց ավարտողը որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթությունը հայերենով շարունակելու հնարավորություն ունի՞:

– USL-ում կա «Նարեկ» կենտրոնը, բայց այնտեղ կարող են ընդամենը հայերենով օժանդակ դասընթացների մասնակցել, որը չի համարվում մասնագիտություն և բարձրագույն կրթության վկայական չի տալիս:

– Բացի գիտական գրքերից երբևէ բանաստեղծություններ չե՞ք գրել:

– Անշուշտ, 15-16 տարեկանից միայն բանաստեղծություններ էի գրում, հետո կամաց-կամաց անցա արձակի, հանրագիտարանային աշխատանքների: 1987թ., երբ ծրագիրս արդեն կար, իմ և կարծում եմ՝ նաև Ձեր դասախոս, անվանի հայագետ, երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանն այնքան հավանեց այն, որ ողջագուրվեց և խորհուրդ տվեց անպայման իրագործել, հետո կատակով ասաց, որ եթե այդ ծրագիրը կյանքի չկոչեմ, ինքը երկնքից անգամ կիմանա և կանիծի ինձ:

– Դուք ասացիք, որ դասախոսությունից եք եկել մեր հարցազրույցին. այստեղ որևէ բուհում դասավանդո՞ւմ եք:

– Ոչ´, հրավիրված էի «Սփյուռքի ներկա իրավիճակը» թեմայով դասախոսություն կարդալու Մանկավարժական համալսարանում: Բացատրեցի ուսանողներին, որ Սփյուռքն այնքան էլ մանուշակագույն չէ, ինչպես պատկերացնում են. Սփյուռքը շատ խնդիրներ ունի, հայապահպանությունը չափազանց լուրջ խնդիր է: Վերջին 30-35 տարիներին Թիֆլիսի 40 դպրոցներից բացի՝ փակվել են 110 հայկական դպրոցներ: Դժվար է այսօր Գլենդելում հայկական դպրոց բացելը. մեկ դպրոց բացելու համար անհրաժեշտ է 15 միլիոն դոլար: Ազգային համատարած անտարբերություն կա: Իմ գրքերով, հեռուստատեսային ելույթներով ես միշտ ջանում եմ հայ հասարակության մեջ զարգացնել ազգային հավաքական գիտակցությունը:

– Որտեղի՞ց է գալիս գրականությանն այդչափ նվիրվելու, ստեղծագործելու Ձեր տաղանդը:

– Լավ հարցում է. այդ ամենն իմ՝ Նալբանդյանների երաժշտական տոհմից է գալիս: Մեծ հայրս, իր երկու եղբայրներն ու զավակները Եթովպիայում են հիմնավորվել, Եթովպիայի հիմնի հեղինակն իրենք էին: Մեծ հայրս՝ Կարապետ ավագ քահանա Նալբանդյանը, Հալեպում շատ նշանավոր քահանա էր, ծիսագետ, 5 տարբեր կազմակերպությունների ղեկավար էր, հայրս նշանավոր տպագրիչ էր: Մեր «Հալեպ» տպարանը նման էր Թումանյանի «Վերնատանը», ուր հավաքվում էին մանկավարժներ, խմբագիրներ, գրողներ, ու ես այդ մթնոլորտում եմ մեծացել:

– Շարունակեք խնդրեմ՝ Հայաստան ասելիս…

– Հայաստան ասելիս սիրտս դողում է, ուժեղանում եմ, ոգևորվում եմ: Հայրենիքս ինձ համար կյանք է, իմ գործերի ողնաշարն է, իմ լիցքավորման անսպառ աղբյուրը, Հայրենիքն ինձ համար նաև Արցախ աշխարհն է, հայի տոկուն ոգին է, Արարատ սարն է ու հայոց լեզուն:

Կարինե Ավագյան  

Scroll Up