Երևանի քաղաքապետարանում քննարկվեցին «Արի տուն» ծրագրի կազմակերպական հարցեր

Մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Տարոն Մարգարյանը քննարկել են ծրագրի հետ կապված որոշ հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015թ. ծրագրի շրջանակում, այս տարի ևս Երևանը կհյուրընկալի սփյուռքից ժամանած հազարից ավելի պատանիների և երիտասարդների:

 Շնորհակալություն հայտնելով ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության և պատրաստակամության համար՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նկատել է, որ ամեն տարի ծրագրի մասնակիցները քաղաքամայր Երևանից հեռանում են տպավորված ու նորից վերադառնալու սպասումով: Նա մասնավորապես նշեց. «Այս տարիների ընթացքում «Արի տուն» ծրագրով ավելի քան հինգ հազար սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ են այցելել հայրենիք: Եվ առաջինն, իհարկե, ինչ տեսնում, հիշում և տպավորվում է՝ Երևանն է: Մայրաքաղաքով է, որ երիտասարդությունը նոր ուժ է ստանում ու հաջորդ տարի արդեն այստեղ վերադառնում ընտանիքներով, ինչի համար իսկապես շնորհակալ եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, և բոլոր այն պատասխանատուներին, ովքեր սրտացավորեն ամեն ջանք գործադրում են Երևանը երևանցիների ու նաև մայրաքաղաքի հյուրերի համար հարմարավետ, ջերմ և հյուրընկալ տան մթնոլորտով ապահովելու համար: Այս տարի ծրագրի առաջին փուլով, որը կմեկնարկի հունիսի 15-ից, Երևան կժամանի շուրջ 200 երեխա»:

 Տարոն Մարգարյանն էլ ընդգծեց, որ արդեն ավանդական դարձած այս ծրագրի շնորհիվ սփյուռքի նախարարության հետ բազմաթիվ երեխաների են հյուրընկալել Երևանի վարչական շրջանների հյուրընկալ ընտանիքներում: Այս տարի ևս քաղաքապետարանն իր լիազորության շրջանակում պատրաստ է համագործակցության հաջող ընթացքի ապահովման համար հնարավորին աջակցել ինչպես նախարարության այս, այնպես էլ հետագա ծրագրերին». հավելեց քաղաքապետը՝ պատասխանատուներին հանձնարարելով նախապատրաստական աշխատանքներ տանել ծրագրի՝ քաղաքապետարանի մասով պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ:

Ծրագրի իրականացման նպատակով որոշվեց ձևավորել համատեղ աշխատանքային խումբ:

Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի մասնակիցների հյուրընկալման գործում ունեցած զգալի ներդրման համար ՀՀ սփյուռքի նախարարը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին հանձնեց «Լավագույն գործընկեր վարչական շրջան» անվանակարգի հավաստագրեր:

a1 a2

Scroll Up