ՀՀ սփյուռքի նախարարն աշխատանքային այցով մեկնել է Կանադա

Մայիսի 1–4–ը Ցեղասպանության 100-րդ տարելիցի  Կանադայի տարածաշրջանային վարչության հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Կանադա՝ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

 Մայիսի 2-ին նախարարը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի հետ: Հրանուշ Հակոբյանը՝ ի դեմս Դենիս Կոդերի շնորհակալություն է  հայտնել Կանադայի իշխանություններին երկրում հաստատված հայերի հանդեպ ցուցաբերած բարյացկամության և Կանադայի հանրային կյանքին ինտեգրվելու հնարավորությունների ընձեռնման համար:

 Իր հերթին Դենիս Կոդերը գոհունակություն է հայտնել կանադահայերի գործունեության վերաբերյալ, ովքեր դարձել են օրինակելի քաղաքացիներ և նպաստել երկրի զարգացմանն ու կանադա-հայկական հարաբերությունների ամրապնդմանը:

Կողմերը շեշտել են Մոնրեալի և Երևանի` քույր քաղաքներ լինելու հանգամանքը և հույս հայտնել քաղաքների միջև համագործակցությունն առավել ակտիվացնելու վերաբերյալ:

Նույն օրը նախարարն  այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի թեմի առաջնորդարան, հանդիպել թեմի առաջնորդ Մեղրիկ  եպիսկոպոս Բարիկյանին եւ տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանին, այնուհետև հանդիպում է ունեցել առաջնորդարանին կից Սուրբ Հակոբ շաբաթօրյա դպրոցի սաների և ուսուցիչների հետ:

 ՀԲԸՄ Ալեք Մանուկյան ամենօրյա վարժարանում ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցել է  կրթօջախի 45-ամյակին նվիրված տոնակատարությանը: Հրանուշ Հակոբյանը կարևորել է կրթօջախի դերը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում, որը մինչ այժմ ավելի քան 1500 շրջանավարտ է տվել, այն հիմնադրվել է 1970թ. ազգային մեծ բարերար Ալեք Մանուկյանի և Արշավիր Գյոնջյանի ջանքերով, այսօր այն ունի 350 աշակերտ և 48 ուսուցիչ:

 Բարձր գնահատելով Սփյուռքում նոր սերունդի հայեցի կրթության և դաստիարակության, հայկական ինքնության պահպանման գործում վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի նախկին ղեկավարներ Արմէն Պչաքճեանի և Արամ Եագուպեանի ունեցած մեծ ավանդը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նրանց պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

 Երեկոյան նախարարը մասնակցել է կրթօջախի 45-ամյակին նվիրված մշակութային միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով:

Մայիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարը Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի, Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի և Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուաեյի հետ մասնակցել է Մոնրեալում կայացած «Մարդկության համար քայլերթին», որի շուրջ 10000 մասնակիցներ մոտ 100 րոպե քայլել են Մոնրեալի կենտրոնական փողոցներով` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայի ցեղասպանության և մարդկության դեմ այլ ոճիրների զոհերի հիշատակը ու բարձրաձայնել ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու հրամայականը:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում նախարար Հրանուշ Հակոբյանը ներկա է գտնվել Սուրբ պատարագի, որից հետո հանդիպումներ է ունեցել ՀՅԴ-ի  և քույր կազմակերպությունների՝ Հայ Կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Այնուհետեւ նախարարը մասնակցել է Մոնրեալի հանրահայտ «Փլաս դեզ արտի» արվեստների կենտրոնի «Մասոնև» սրահում կայացած մշակութային միջոցառմանը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայ դասական երաժշտության, ազգային պարի կատարումների հետ մեկտեղ` երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրը, Քվեբեկի ներգաղթի նախարար Քեթլին Վեյլը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն, հայտնի դերասան, գրող Էրիկ Բոգոսյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող կանադական հանձնաժողովի նախագահ Մհեր Գարագաշեանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Կանադայի խորհրդարանին ու կառավարությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման համար, և առանձնահատուկ երախտագիտություն հայտնել Քվեբեկ նահանգին, որը Կանադայում բացեց Հայոց ցեղասպանության ճանաչման ուղին: Ավարտելով իր ելույթը` նախարար Հակոբյանը գովասանքի խոսքեր է հղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովին և կանադահայ համայնքին` անդադրում ազգանվեր գործունեության համար՝ նշելով,- «Երիցս ճիշտ էր ամերիկահայ հռչակավոր գրող Վիլյամ Սարոյանը, ով ասում էր՝ «Ուր որ երթաս, պոռա՛ Հայաստան:», Հայրենիքի հանդեպ ձեր սիրով և նվիրվածությամբ դուք վերահաստատեցիք մեծ գրողի խոսքերի ճշմարտացիությունը»:

k9k8k7k4k2k3k6k1kkk

Scroll Up