Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարարը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում

Ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարն ընդունեց Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Գելա Դումբաձեի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

 Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպատակաուղղված՝ Հայաստանի պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և այդ ուղղությամբ սփյուռքի նախարարության ծրագրերն ու կատարված աշխատանքները: Խոսվեց նաև այս օրերին անցկացվող՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի շրջանակներում անցկացվող «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավականհիմնախնդիրները» գիտաժողովում քննարկվող հարցերի մասին:

 Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Գելա Դումբաձեն ներկայացրեց Վրաստանում սփյուռքի հետ աշխատող իր ղեկավարած կառույցի գործառույթները, Վրաստանում ամեն տարի Բաթումիում կազմակերպվող «Սփյուռքի օր» միջոցառումների բովանդակությունն ու նպատակները և նախարարին հրավիրեց մասնակցելու այս տարի աշնանը կազմակերպվող վրացական Սփյուռքի՝ տնտեսական ֆորումին: Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարարը կարևորեց փորձի փոխանակումը, հետագա համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը:

 Վրաստանի պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան նաև նախարարության վարչություններում, ծանոթացան «Հայաստան-Սփյուռք» գործակցության հայեցակարգին, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին, գերատեսչության վերջին տարիների գործունեությանը, տարածաշրջանային վարչությունների աշխատանքների առանձնահատկություններին և համահայկական կազմակերպությունների հետ կատարվող աշխատանքներին:

sp2sp4 sp5sp3

Scroll Up