Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
07.02.2012

Իսրայելի հայերը վրդովված են Երուսաղեմի քաղաքային իշխանությունների գործողություններից
Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչները վրդովված են քաղաքային իշխանությունների` Հայոց պատրիարքարանի տարածքի վրա գտնվող ավտոկանգառ հայերի մուտքն արգելելու որոշումից, հաղորդում է «Հաարեց» պարբերականը:
Ըստ թերթի` մեքենաների կանգառատեղիի անբավարարության հարցը Երուսաղեմի կենտրոնական մասի հիմնական խնդիրներից է: Հրեական թաղամասի կողմից օգտագործվող ավտոկանգառներից մեկը մասնակիորեն տեղակայված է  Հայոց պատրիարքարանի հողերի վրա, որոնք վարձակալվել են հրեական թաղամասի զարգացման ընկերության կողմից 1970-ականներից:

Տասնամյակներ շարունակ ավտոկանգառը բաց է եղել բոլորի, այդ թվում` հայերի համար, որոնք, սակայն,  ավելի բարձր վճար էին մուծում: Սակայն երկու տարի առաջ ընկերությունը որոշել է հայերին արգելել օգտվել ավտոկանգառից:

«Մի անգամ աշխատանքից վերադառնալիս  տեսա, որ կանգառը փակ է: Պարզվում է, որ կառավարիչները որոշել են, որ մենք չպետք է օգտվենք դրանից, մինչդեռ  նույնիսկ մահմեդական թաղամասերում բնակվող հրեաներին թույլ է տրվել օգտվել կանգառից, իսկ ինձ, որ անմիջապես կողքին եմ ապրում, չի կարելի»,-ասել է հայկական թաղամասի բնակիչ Մուսա Մարիզյանը:

Անցած շաբաթ, չնայած տեղի հայերի եւ Պատրիարքարանի ներկայացուցիչների բողոքին, քաղաքապետարանի պլանավորման եւ կառուցապատման հանձնաժողովը  թույլտվություն է տվել ընկերությանը:

«Շատ տարօրինակ էր լսել  հրեական թաղամասի բնակիչների ոչնչով չհիմնավարված փաստարկները իրենց հայ հարեւանների կարիքների վերաբերյալ»,-հայտարարել է Մերեցի փոխքաղաքապետ Յոզեֆ Ալալուն` հանդես գալով հանձնաժողովի որոշման դեմ: «Ինչպես է հնարավոր, որ ավտոկանգառը բաց լինի բոլորի համար, սակայն հայերին արգելվի օգտվել դրանից»,-հարցադրում է  արել նա:

Ավտոկանգառի սեփականատեր ընկերությունը պնդում է, որ  հայերն ունեն իրենց ընդարձակ կանգառը 150մ հեռավորության վրա, գրում է News.am-ը:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49