Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
27.01.2012

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության անձնագիր հանձնեց ամերիկահայ հայտնի իրավաբան, նշանավոր ազգային, հասարակական գործիչ Արա Ագիշյանին
Հունվարի 27-ին կայացած ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի նիստից առաջ, մինչ օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանն անցնելը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության անձնագիր հանձնեց ամերիկահայ հայտնի իրավաբան, նշանավոր ազգային, հասարակական գործիչ Արա Ագիշյանին, ում  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել էր ՀՀ քաղաքացիություն:
Հայտնի իրավաբան Արա Ագիշյանը 1988 թվականից Կալիֆորնիայում զբաղվում է մասնագիտական գործունեությամբ: Նա լիազորված է աշխատելու նահանգի բոլոր դատարաններում, ԱՄՆ 9-րդ շրջանային վճռաբեկ դատարանում և ԱՄՆ Գերագույն դատարանում: Ա.Ագիշյանը ղեկավարում է «Արա Ագիշյան իրավաբանական գրասենյակ» ընկերությունը, որն ունի մասնաճյուղեր Էնսինոյում, Սան Դիեգոյում եւ Սակրամենտոյում: Ա.Ագիշյանը Կալիֆորնիա նահանգի Փաստաբանների միության, ինչպես նաև Լոս Անջելեսի եւ Ամերիկայի Փաստաբանների միությունների անդամ է: Եղել է Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր: Իր մասնագիտական հաջող գործունեության համար արժանացել է մի շարք պատվոգրերի և ձեռք բերել լայն ճանաչում` կամավոր հիմունքներով մատուցած բազմաթիվ ծառայությունների համար:

2009թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի խորհուրդը Ա.Ագիշյանին միաձայն ընտրել է ատենապետի պաշտոնում:

Նա աչքի է ընկել նաեւ իր բազմամյա հայանպաստ հասարակական գործունեությամբ: 15 տարի եղել է Հոլիվուդի Արշակ Տիգրանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի քարտուղար, ինչպես նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Սան Ֆերնանդոյի մասնաճյուղի ատենապետ:

Նպատակ ունենալով աջակցել հայկական ուսումնասիրություններին` տեր եւ տիկին Ագիշյանները հովանավորել են հայոց լեզվի, հայ մշակույթի և պատմության մի շարք ծրագրեր Կալիֆորնիայի, Լոս Անջելեսի համալսարանում, Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի բազմաթիվ հայկական դպրոցներում:

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49